вторник, 8 февраля 2011 г.

Կառավարությունն անցնում է ՅՈՒՆԻԿՈԴ-ի (Unicode)

Հայաստանի մշակույթի նախարարությունը կառավարությանն է ներկայացրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է պետական պաշտոնական ողջ փաստաթղթաշրջանառությունը իրականացնել ՅՈՒՆԻԿՈԴ (Unicode) կոդավորման համակարգով։ Այդ համակարգում կընտրվեն 2 հիմնական տառատեսակներ՝ «Գրապալատ» եւ «Մարիամ»։ Տառատեսակների հեղինակը Էդիկ Ղաբուզյանն է։
Մինչ այսօր համակարգիչներում հիմնականում օգտագործվում են (այդ թվում նաեւ պետական կառույցներում) հնացած ASCII կոդավորմամբ տառատեսակները, որտեղ առկա են ոչ հայեցի գրույթներով տառեր, բացակայում են մի շարք կարեւոր նիշեր (մասնավորապես` դրամի, հերթական համարի, հավերժության նշաները եւ այլն) եւ իրենց կառուցվածքային չափորոշիչներով չեն համապատասխանում «Հայկական համակարգչային տառատեսակների ազգային ստանդարտի» (ՀՍՏ 311-2009) պահանջներին:
Համացանցում հիմնականում օգտագործվող Sylfaen տառատեսակը իր կառուցվածքային չափորոշիչներով նույնպես չի համապատասխանում ստանդարտին, եւ, մշակույթի նախարարության փորձագետների կարծիքով՝ դժվար ընթեռնելի է համակարգչի էկրանից աշխատելու ժամանակ:
Համակարգչային մայր ծրագրային փաթեթներում «Յունիկոդ» կոդավորմամբ հայկական տառատեսակների բացակայությունը լայն հնարավորություն չի տալիս ծրագրերի օգտագործման ժամանակ կիրառել հայալեզու տեքստեր: Ներկայումս էլեկտրոնային կայքերը համացանցում ներկայացված են հիմնականում լատինական կամ կիրիլյան տառատեսակներով, իսկ հայալեզու կայքերը հիմնականում հնարավոր չէ բացել առանց համապատասխան տառատեսակներն ունենալու: Հիմնականում գործածվող Arial եւ Times (հին ASCII կոդավորմամբ) ու նմանատիպ տառատեսակների հայկական գրանշանների մշակումը մեր տառաստեղծների կողմից կատարվել է առանց դրանց հեղինակային իրավունքը կրող արտասահմանյան կազմակերպությունների հետ համաձայնեցնելու եւ դրանց կիրառումը Հայաստանում հանդիսանում է հեղինակային իրավունքի խախտում:
Բացի այդ՝ նմանատիպ տառատեսակները ձեռք չեն բերվել օրինական ճանապարհով։ Այդ տառատեսակները կիրառելի չեն նաեւ համացանցում օրեցօր զարգացող նոր տեխնոլոգիաներում (այդ թվում նոր թարգմանչական, ուսուցողական եւ այլ ծրագրերի ստեղծման) օգտագործելու համար:
Անցնելով համակարգչային նոր տառատեսակների՝ կառավարությունը ցանկանում է լուծել նաեւ այլ, ոչ պակաս կարեւոր հարց՝ ազգային մշակութային ժառանգության (տվյալ պարագայում՝ հանձինս տառատեսակների) պահպանումը եւ զարգացումը։

1 комментарий:

  1. Հա բա վոնց էլ չգիտեն ինչ անեն: "Ազգային մշակութային ժառանգություն" ինչի մասին է խոսքը, երբ ամեն քայլափոխի ոչնչանում են "ազգային արժեքներ": Թող պահպանեն և զարգացնեն իրենց հայկական կրթօջախները ոչ թե փոխարինեն "օտարալեզու դպրոցներ" կոչվածով, որի մասին հապճեպ օրենք են ընդունում:

    ОтветитьУдалить