воскресенье, 23 января 2011 г.

Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած...

Այսօր լրանում է հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ` Պարույր Սևակի 87-րդ տարելիցը: 1924 թվականի հունվարի 24-ին ՀՀ Արարատի մարզի Չանախչի ( այսօր Զանգակատուն )  գյուղում ծնվեց մի հրաշք մանուկ: Նա դարձավ մեր ժամանակաշրջանի այն բանաստեղծներից մեկը,  ով հայտնաբերեց  տվյալ ժամանակի ոգին եւ մարգարեաբար պատգամներ հղեց իր ժողովրդին: Այսօր էլ շատերի համար Պարույր Սեւակի պոեզիան նվիրական ու թանկ գաղտնիքներով լեցուն սպասված մի նամակ է: Նրա պոեզիան մեր ազգային հարստությունն է: Պարույր Սեւակի ստեղծագործական կյանքը հագեցած է եղել բանաստեղծական նոր ուղիների որոնմամբ, հայտնություններով ու հաղթանակներով: Սեւակը մեկն էր իր իսկ երգած մեծերից , ովքեր ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, ծնվում են նրանք ճիշտ ժամանակին եւ նոր օրենք ու կարգ են սահմանում, ովքեր գեղարվեստական խոսքի նոր հորիզոններ են բացում հայրենի մշակույթի զարգացմանը նոր ընթացք տալու համար : Նրա ստեղծագործությունները ներքին մենախոսություններ են : Պարույր Սևակը  հեղաշրջեց հայ պոեզիայի հունը`ստեղծելով բանաստեղծական իր դպրոցը: ՙԱնլռելի զանգակատուն ՚ պոեմը, ՙՄարդը ափի մեջ՚ եւ ՙ Եղիցի լույս՚ ժողովածուները նախանշեցին հայ պոեզիայի հետագա զարգացումը: Նրա մեջ պոռթկում էր հուժկու սերը , սերն` ալեհեր երկրի ու նրա ջահել մարդկանց նկատմամբ , սերը`  բնության թրթռումների նկատմամբ: Այդ սերը մեծ էր ու կրակոտ, համապարփակ ու երփներանգ: Նրա մոտ հնչում է մանկան ծիծաղը, երեւում` տիրամոր արցունքը: Ասելիքը բազմաբեւեռ էր, խորքային ու արդիական: Սեւակը մեզ հետ է ամեն օր ու ժամ: Նա անմահ է: Նրա մեծությունը գնահատողը ժամանակն է:
Տ/Հ

1 комментарий:

  1. Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը:
    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ դու ինքդ էլ երբեք չզգաս քո սեփական մանրությունը:
    ՈՒ թե հանկարծ անպետքություն քեզ համարես,
    Թե ինքըդ քեզ արհամարհես ու համառես,
    Քեզ հետ վիճի՛, քեզ չզիջի՛,
    Համբերատար քեզ հետ խոսի՜,
    Հակառակո՛ւմ քեզ համոզի ինքը... հզոր Հանրությունը...
    Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,
    Որ ուրիշի խինդով խնդաս,
    Որ ուրիշի ցնծությունով
    Ինքդ էլ ցնծաս, ինքդ էլ թնդաս:
    Լինես, մնաս ամենքի հետ,
    Նրանց կամքին հպատակվես,
    «Ես»-ըդ խառնես մեծ «մենք»-ի հետ,
    Նրանց ցավով լուռ տապակվես:
    Տրվես նրանց լույսի նման
    Եվ չխաբես՝ հույսի նման:
    Արշալույսի նման բացվես նրա՛նց համար,
    Վերջալույսի նման բոցվես նրա՛նց համար:
    Թե լաց լինես՝ նրանց համար,
    Թե բաց լինես՝ նրանց համար:
    Եվ հա՜ց լինես նրանց համար՝ հոգևոր հա՛ց,
    Քեզ նրանցով կյանքում զինես
    Եվ նրանցով կյանքում լինես ոգևորվա՜ծ:
    Եվ նրանցով կյանքում լինես թույլ կամ ուժեղ,
    Եվ նրանցով կյանքում լինես բույլ կամ մժեղ:
    Թշվառ՝ ինչպես անապաստան,
    Հարուստ՝ ինչպես լայն տափաստան...
    Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել այնպե՛ս,
    Որ նրանց հետ մթնես-ամպես,
    Եվ նրանց հետ շանթարձակվես.
    Մեկտեղ հանկարծ ընդարձակվես,
    Մեկտեղ դառնաս գունդուկծիկ.
    Մեկտե՜ղ բացվես, մեկտե՜ղ փակվես՝
    Ինչպես նամակ և կամ բացիկ...
    Ապրե՜լ, ապրե՜լ, ապրել մեկտե՛ղ,
    Կյանքդ խառնել նրանց կյանքին,
    Տառապանքդ՝ տառապանքին,
    Ջանքդ՝ ջանքին,
    Ցանքդ՝ ցանքին,
    Եվ ենթարկվել նրանց կամքին,
    Նրանց կամքն էլ քեզ ենթարկել,-
    Դառնալ և՛ շանթ, և՛ շանթարգել...


    Բանաստեղծ լինելը դժվարին մրցակցության ու պատասխանատվության գործ է, այն էլ հայ ժողովրդի բանաստեղծ լինելը: Գրիչ վերցնող ամեն ստեղծագործող, եթե միայն գրական պարզ արհեստավոր չէ և հանդգնում է իր գրածը հրատարակել, կամա թե ակամա դառնում է իրեն նախորդած ազգային ու համաշխարհային բոլոր մեծությունների մրցակիցը: Անկասկած է, որ նորագույն ժամանակներում ամենից ինքնատիպ հայ բանաստեղծներից մեկը հետևորդների մեծ բանակով իր գրական դպրոցն ստեղծած և հաջորդ սերունդների համար բնաստեղծական մտածողության նոր ուղի հարթած Պարույր Սևակն է:

    Շնորհակալություն բոլորին

    ОтветитьУдалить