пятница, 18 февраля 2011 г.

Սուրբ Զատիկը տոնելու ենք ապրիլի 24-ին

Տոմարական հաշվարկների համաձայն` այս տարի Սուրբ Զատիկը տոնվելու է Մեծ եղեռնի օրը` ապրիլի 24-ին: Այսինքն` Քրիստոսի Հարության տոնը նշելու ենք 1915 թ. զոհերի հիշատակի օրը: «Զատիկը փոփոխական օրերի նշվող տոմարական տոներից է. այն նշելու օրը որոշվում է բարդ տոմարական հաշվարկներով և ենթակա չէ փոփոխության ոչ մի դեպքում: Բացի այդ, կարծում եմ, որ այս երկու իրադարձությունները միանգամայն համադրելի են և չեն հակասում միմյանց»,- այս մասին կարծիք է հայտնում Ջրվեժի եկեղեցու քահանա տեր Կյուրեղը: Քահանան տեղեկացնում է, որ այս տարի ևս Սուրբ Զատիկի օրը եկեղեցիներում կանցկացվի Հարության պատարագ, որից հետո, ինչպես ամեն տարի, հոգեհանգստի ավանդական շարականներ կնվիրվեն նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Այս համընկման մեջ արտառոց ոչինչ չի տեսնում նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Նախ ապրիլի 24-ը վաղուց սգո օր չէ, [թեեւ այդ օր մեր հարգանքն ենք մատուցում մեր նահատակների հիշատակին] և այդ օրը կարելի է Հարության օրը նշել: Սուրբ Զատիկը զուտ եկեղեցական տոն է, և չի ենթադրում [սանձարձակ] խրախճանքներ ու տոնախմբություն, ուստի ես որևէ խնդիր չեմ տեսնում այն Մեծ Եղեռնի օրը նշելու մեջ»,- ասում է պրն Կ. Մանոյանը: 

1 комментарий:

  1. Մի 2 օր առաջ "Հայրապետական պատգամ" ծրագրի շրջանակներում Վեհափառի հետ հանդիպման ժամանակ այս հարցն էլ ուղղեցին մեծն Կաթողիկոսին: Նա պատասխանեց, որ ինչպես միշտ առավոտյան բոլորս մեր հարգանքի տուրքը կմատուցենք "Եղեռն"-ի զոհերի հիշատակին,այնուհետև երեկոյան պատարագ կմատուցվի բոլոր եկեղեցիներում Զատիկի տոնի առիթով:

    ОтветитьУдалить