понедельник, 28 февраля 2011 г.

Ինտերնետի արագությամբ Հայաստանը 109-րդ տեղում է


Հայաստանում ինտերնետով տվյալների ներբեռնման (download) միջին արագությունը 2.37մբ/վրկ է: Speedtest.net-ի վերջին տվյալների համաձայն` 186 երկրների շարքում Հայաստանը 109-րդ տեղում է։
Ներբեռնման ու վերբեռնման միջին արագության ցուցանիշով առաջին տեղում է Հարավային Կորեան` ներբեռնման 39.61մբ/վ միջին արագությամբ, երկրորդ տեղում` Լիտվան (25.79մբ/վ), իսկ երրորդ տեղում ` Ալանդյան կղզիները (25.19մբ/վ):
Ամենադանդաղը  Լիբանանն է` ընդամենը 0.47 մբ վայրկյանում արագությամբ:
Վերբեռնման արագությամբ Հայաստանն ավելի բարձր հորիզոնականում է` 85-րդ տեղում: Վերբեռնման միջին արագությունը մեր երկրում կազմում է 0.92մբ/վ:
Վերբեռնման արագությամբ ամենավերջին տեղում գտնվում է Վանուատուն՝ 0,09մբ վայրկյանում արագությամբ։

воскресенье, 27 февраля 2011 г.

Նոր iPad 2-ը կներկայացվի մարտի 2-ին



Apple-ի երկրորդ սերնդի iPad-ը պաշտոնապես կներկայացվի մարտի 2-ին՝ Սան Ֆրանցիսկոյում կայանալիք հատուկ միջոցառման ընթացքում:
Դեռևս փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Apple-ի սարքերի արտադրությամբ զբաղվող ընկերություններն արդեն սկսել են iPad 2-ի արտադրությունը:
Հնարավոր է, որ նոր iPad-ը լինի ավելի բարակ ու թեթև, ունենա ավելի հզոր պրոցեսոր և նվազագույնը մեկ վեբ-տեսախցիկ: Իսկ էկրանի կետայնությունը կմնա նույնը:

Սպիտակ արջը, նապաստակը եւ ընձառյուծը` Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշեր


Կազմկոմիտեն որոշել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի թալիսման դարձնել հեռուստադիտողների քվեարկությամբ ընտրված առաջատար եռյակին:  Առաջնորդների եռռյակը հավաքել է 62%:
Ամենամեծ թվով ձայներ (28%)  ստացել է ընձառյուծը, արծաթը ստացել է սպիտակ արջը(18%), իսկ նապաստակին բաժին է ընկել բրոնզը(16%):
Ռուսաստանյան Առաջին ալիքի հաղորդմամբ` թեկնածուների եզրափակիչ ցուցակից դուրս է մնացել  Ձմեռ պապը, քանի որ հաղթելու դեպքում Նոր տարվա խորհրդանիշը կդառնար Միջազգային օլիպիական կոմիտեի սեփականությունը:
Թալիսման կոչվելու իրավունքն ստանալու համար մրցել է 8 կերպար: Յքւրաքանչյուրը իրեն ներկայացնելու համար ուներ 2 րոպե: Որպես պարալիմպիկ խաղերի խորհրդանիշ կազմկոմիտեն ընտրել է Շողին եւ Ձյունիկին: Առաջինի հեղինակները մոսկվացի Նատալյա Բալաշովան եւ Ալեքսեյ Մասլինն են, իսկ Ձյունիկի հեղինակը` Սանկտ Պետերբուրգից ութնամյա Անյա Ժիլինսկայան է:

пятница, 25 февраля 2011 г.

Opel-ը հայտարարել է նոր կաբրիոլետի արտադրության մեջ

Opel-ի նոր Convertible-ի արտադրությունը դարձել է մոտ մեկ տարի առաջ ներդրված 11 միլիարդ եվրոյի եւս մեկ արդյունքը, ինչպես Opel Insignia-ն, Opel Astra-ն, Opel Meriva-ն, դռների բացման ներդրումային համակարգում: Նոր մոդելներն են Opel Zafira կաբրիոլետն ու Opel Ampera էլեկտրոմոբիլը:

Նոր Convertible-ը ստեղծվել է Opel/Vauxhall-ի հիման վրա, եւ կհայտնվի շուկայում 2013թ., հաղորդում է AutoRambler-ը:

Կայացել է Պաշտպանության նախարարության նոր կայքի շնորհանդեսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում այսօր՝ փետրվարի 25-ին տեղի է ունեցել նախարարության նոր կայքի շնորհանդեսը:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում նշել է, որ նոր կայքը հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով իրականացնել հանրային իրազեկման գործառույթը:

Ներկայացնելով նոր կայքը` ՊՆ աշխատակից Հայկ Հարությունյանը նշել է, որ այն անընդհատ համալրվելու է եւ առաջիկայում ներառելու է նաեւ վիճակագրական տեղեկություններ:

Հայաստանում ամենաշատը մտնում են Google, Facebook, YouTube. իսկ Odnoklassniki.ru՞

Alexa վարկանշային համակարգի տվյալներով` Հայաստանում 100 ամենավարկանշային կայքերի հերթականությունը հետեւյալն է։

Առաջին հորիզոնականում է Google որոնողական համակարգի կայքէջն է՝ google.com-ը։ Երկրորդ տեղում է Facebook սոցիալական ցանցը, երրորդ հորիզոնականում է YouTube վիդեո ծառայության կայքը։

Google որոնողական համակարգի հայերեն էջը՝ google.am-ը գտնվում է չորրորդ հորիզոնականում։ Իսկ հայերի կողմից շատ սիրված Odnoklassniki.ru-ն գտնվում է ընդամենը 5-րդ հորիզոնականում։

Wikipedia ազատ հանրագիտարանը գտնվում է 8-րդ տեղում, իսկ Twitter միկրոբլոգային համակարգը՝ 17-րդ հորիզոնականում:

Հայաստանում բլոգերային հարթակներից ամենաշատը մտնում են blogspot.com՝ 14-րդ տեղ, livejournal.com՝ 18-րդ տեղ, իսկ wordpress.com՝ 23-րդ տեղ:

четверг, 24 февраля 2011 г.

Շակիրան կամ Մարկ Էնթոնին ելույթ կունենան Երեւանում



Երեւանում համերգով հանդես կգան համաշխարհային մեգա-աստղեր Մարկ Էնթոնին կամ Շակիրան:
Այդ մասին մամուլի ասուլիսում  հայտարարել է «VH» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վահե Հարությունյանը:
Նրա խոսքով, ըստ ամենայնի, համերգը կայանալու է սեպտեմբերի վերջին: Տոմսերի արժեքը կազմելու է 5-ից 50 հազար դրամ:

среда, 23 февраля 2011 г.

Մեր քաղաքը

Չինացին մահացել է ինտերնետ-ակումբում, որտեղ նա մնացել է շուրջ մեկ ամիս


Պեկինի ինտերնետ-սրճարանում մահացել է 33-ամյա գործազուրկ մի տղամարդ, երբ գրեթե մեկ ամիս անցկացրել է ինտերնետում: Չինացին չի լքել հաստատությունը վերջին 27 օրերի ընթացքում, նա քնել եւ սնունդ է ընդունել այդ հաստատությունում:  Այս ողջ ընթացքում նա սնվել է արագ պատրաստվող մակարոնեղենով:  Մահվան պատճառների մասին ոչինչ հայտնի չէ: Ինտերնետ-սրճարանը, որտեղ մահացել է ինտերնետի ֆանատը, գործել  է ապօրինի: Այժմ այն փակված է` ստուգումներ իրականացնելու համար:
Ինտերնետ-ակումբից օգտվողների թիվը հասնում է շուրջ 475 միլիոնի:  Պաշտոնական տվյալներով,  Չինաստանում համաշխարգային սարդոստայնից օգտվողների շուրջ 14 տոկոսը (մոտ 33 միլիոն մարդ) տառապում են ինտերնետից ունեցած կախվածությունից:

вторник, 22 февраля 2011 г.

10 անհայտ փաստեր Microsoft-ի մասին


Դժվար թե աշխարհում գտնվի որևէ մեկը, ով երբևէ չի լսել Microsoft ընկերության մասին: Այսօր շատերին է հայտնի Microsoft-ի ստեղծման պատմությունը: Այս ընկերության մասին տարբեր հետաքրքիր պատմություններ և իրադարձություններ բազմաթիվ անգամ հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: ԵՎ չնայած ընկերության զարգացմանը զուգընթաց վերջինիս նկատմամբ հասարակության հետարքրությունն անընդմեջ աճել է, այնուամենայնիվ, պարզվում է, որ կան փաստեր, որոնք դեռևս հայտնի չեն շատերին: Եվ այսպես, 10 հետաքրքիր, բայց ոչ հայտնի փաստեր Microsoft ընկերության մասին:
1. «Microsoft» անունն առաջին անգամ օգտագործվել է 1975 թվականին: Այն որպես նոր հիմնադրվող ընկերության անվանում առաջարկել է Բիլ Գեյթսը` ընկերության համահիմնադիր Պոլ Ալենին ուղղված իր նամակում: Սկզբնապես ընկերության անվանումը գրվել է «Micro-soft» և մեկնաբանվել որպես «microcomputer» և «software» բառերին համադրություն: Հետագայում ընկերության անվանման հիմքը կազմող երկու բառերը միմյանց կազմող գծիկը վերացել է, և 1976 թվականին ընկերությունը գրանցվել է` «Microsoft»-ը ընտրելով որպես իր համար պաշտոնական անվանում: Հատկանշական է, որ Microsoft-ի լոգոն ընկերության պատմության ողջ ընթացքում մի քանի անգամ ենթարկվել է փոփոխության: Ընկերության այժմյան լոգոն պաշտոնապես ներկայացվել է 1987 թվականին:
2. Window 95-ի երաժշտական ուղեկցության ստեղծողը հայտնի երաժիշտ Բրայան Ենոն է: Հետագայում այս մեղեդին հայտնի դարձավ որպես «Microsoft-ի հնչյուն»: Հայտնի երաժիշտը տարիներ անց խոստովանել է, որ նման կարճ երաժշտության ստեղծումն իր համար եղել է մի փոքր զվարճալի, սակայն, միևնույն ժամանակ, հաճելի: Windows 95-ի հետ կապված ևս մեկ հետաքրքիր երաժշտական իրադարձություն: Վերջինիս քարոզարշավը մեկնարկել է The Rolling Stones խմբի «Start Me Up» երգով:
3. Microsoft-ն իր կորպորատիվ ուսումնական հաստատությունում առաջարկում է անվճար խմիչքներ և կոնֆետներ, իսկ ընկերության ճաշարաններում, որտեղ տարեկան սպասարկվում է 37 հազար այցելու, ամենասիրելի ուտելիքը պիցցան է:
4. Մինչև իր առաջին օպերացիոն համակարգի պաշտոնական ներկայացնելը Microsoft-ն իր ծրագրերը ներկայացրել է կոդային անվանումներով, որոնց զգալի մեծ ցուցակ ներկայացված է նաև Wikipedia-ում:
5. Microsoft ընկերության միջին աշխատակիցը` «Softie»-ն, ինչպես ընդունված է ընկերությունում անվանել աշխատակիցներին, 38-ամյա երիտասարդ է` $106,000 միջին աշխատավարձով: Ներկայումս Microsoft-ի աշխատակիցների ընդհանուր թվաքանակը գերազանցում է 88 հազարը, ընդ որում, ընկերության աշխատակազմի 76%-ը կազմում են տղամարդիկ:
6. Յուրաքանչյուր ընկերություն ունի իր ներքին «ընտանեկան» ավանդույթները: Բացառություն չէ նաև Microsoft-ը: Ընկերության աշխատակիցները գերադասում են բոլոր տոները նշել քաղցրավենիքով և, մասնավորապես, M&Ms կոնֆետներով:
7. Microsoft-ը շուրջ 9 անգամ իրականացրել է բաժնետոմսերի վերաբաշխում: 1986 թվականից ի վեր ամեն անգամ, երբ ընկերության բաժնետոմսերի գները հասնում են որոշակի բարձր մակարդակի, ընկերությունն իրականացնում է բաժնետոմսերի վերաբաշխում` նոր բաժնետոմսերի թողարկման հաշվին: Հատկանշական է, որ եթե ընկերությունը չիրականացրեն բաժնետոմսերի վերաբաշխում, այսօր արդեն ընկերության մեկ բաժնետոմսի գինը չէր լինի 23 դոլար, այլ կկազմեր շուրջ 6000 դոլար:
8. Microsoft-ն ունի արվեստի գործերի մեծ հավաքածու, որն իր մեջ նեառում է շուրջ 5000 նկարներ, քանդակներ, ապակյա հուշանվերներ և այլն:
9. Իր աշխատակիցների ընտրության հարցում Microsoft-ն ավելի քան ինքնատիպ է: Հարցազրույցների շրջանակներում շատ հաճախ Microsoft-ի ապագա աշխատակիցը ստիպված է լինում պատասխանել անսովոր և արտասովոր հարցերի: Օրինակ` ինչու է լյուկի կափարիչը կլոր: Նմանատիպ հարցերի միջոցով ընկերությունը փորձում է գտնել ստեղծագործաբար մտածողներին և շփոթության հասցնող հարցերին տված տրամաբանական պատասխանների միջոցով ընտրել իր ապագա աշխատակիցներին:
10. Microsoft-ին են պատկանում շուրջ 10 000 պատենտներ: Ընկերությունն ընդգրկված է առավել շատ պատենտներ ունեցող ամերիկյան առաջատար ընկերությունների հնգյակում:

Աշխարհում յուրաքանչյուր երրորդն «ապրում է» ինտերնետում


2011թ.-ի սկզբին ամբողջ աշխարհում ինտերնետ-օգտագործողների ընդհանուր թվաքանակը հասել է ավելի քան երկու միլիարդի: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարությամբ մեջ: Ամենավերջին տվյալներով, որը հրապարակել է Միջազգային Հեռահաղորդացության Միությունն, արդեն 2010 թվականի ավարտին ինտերնետ-օգտագործողների թվաքանակը հասել է 2,08 միլիարդի: Հատկանշական է, որ մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր միայն 1,86 միլիարդ: Այսպիսով, կարելի է փաստել, որ Երկիր մոլորոկի յուրաքանչյուր երրորդ բնակիչն օգտվում է ինտերնետից, ընդ որում` այս ցուցանիշը հաշվարկելիս դիտարկվել են նաև երեխաները և ծերերը: Նշենք նաև, որ ըստ պաշտոնական տվյալների, 2010 թվականի կեսերին ինտերնետ-ցանցին «միացված է եղել» Երկրագնդի բնակչության 25%-ը: Հատկանշական է, որ այսօր ինտերնետն առավել տարածված է Եվրոպայում: Հարավային և Հյուսիսայի Ամերիկայում, Եվրոպայի համեմատությամբ, ինտերնետն ունի փոքր ինչ պակաս տարածվածություն: Ինտերնետի տարածվածությամբ, այնուհետև, գալիս են ԱՊՀ երկրներն ու Մերձավոր Արևելքը: Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում ինտերնետ-օգտագործողների ընդհանուր թվաքանակի կտրուկ աճ գրանցվել է նշված վերջին երկրներում: Այսպես, 2007թ.-ից 2010 թ.-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ-ում ինտերնետից օգտվողների թվաքանակը 51 միլիոնիցից հասել է127 միլիոնի:
Միևնույն ժամանակ, իհարկե, արագությունը, որով օգտագործողները աշխարհի տարբեր ծայրերից մուտք են գործում ինտերնետ, տարբեր է: Ինտերնետային առավելագույն արագություն ունեցող երկրների իր վարականիշը կազմել է նաև շվեդական հեղինակավոր Pingdom ընկերությունը: Այս վարկանիշում ընդգրկված են շուրջ 50 երկրներ, որոնք ինտերնետի արագությամբ համարվում են առաջատար երկրներ: Հետաքրքրական է այն փաստը, որ առաջատար երկրների շարքում են հայտնվել նաև Հարավայի Կորեան (16,63 Մբ/վ), Հոնգ Կոնգը (8,57 Մբ/վ) և Ճապոնիան (8,03 Մբ/վ): Չինաստանում, որտեղ ապրում են ռեկորդային ինտերնետ-օգտագործողներ (420 միլիարդ), ինտերնետի արագությանը կազմում է 0,86 Մբ/վ: Ընդհանուր առմամբ, աշխարհում ինտերնետի միջին արագությունը կազմում է 1,8Մբ/վ, ընդ որում ինտերնետ-օգտագործողների շուրջ 22%-ն ունի հնարավորություն օգտվել ավելի քան 5Մբ/վ արագությամբ ինտենետից, իսկ կեսից շատին հասանելի է մինչև 5Մբ/վ արագությամբ ինտերնետ:
ՄԱԿ-ի վերլուծաբանները հրապարակել են նաև ամբողջ աշխարհում բջջային կապից օգտվողների թվաքանակի վերաբերյալ ամփոփ տվյալներ: Պարզվում է, որ աշխարհում 5,28 միլիարդ մարդ արդեն ունի բջջային հեռախոս: Սա նշանակում է որ վերջին 10 տարվա ընթացքում բջջային կապի տարածվածությունն ամբողջ աշխարհում աճել է գրեթե 10 անգամ:

понедельник, 21 февраля 2011 г.

Ինչպե՞ս «ետ կանչել» Gmail-ով ուղարկված նամակը


Շատ հաճախ անհրաժեշտություն է առաջանում փոփոփոություն կամ լրացում կատարել արդեն իսկ ուղարկված էլ. նամակում կամ էլ «ետ կանչել» այն կես ճանապարհից: Եվ մինչ ոմանք համակերպվում են այն մտքի հետ, որ ուղարկված նամակը «ետ չես բերի»,Gmail-ը ներկայանում է ուղարկված էլ. նամակը ջնջելու նոր` առավել բարելավված ծառայությամբ: Նշենք, որ նման ծառայություն մինչ այս էլ Gmail-ում եղել է, սակայն այն հայտնի է եղել ոչ բոլորին և պահված է եղել «օտար աչքից» հեռու: Այսօր այս ծառայությունը ներկայացվում է թարմացված և նորովի: Եթե նախկինում հնարավորություն էր տրվում ջնջել ուղարկված նամակը միայն 5 վայրկյանների ընթացքում, ապա այժմ Gmail-ը մտափոխվելու համար տալիս է 30 վայրկյան: Շատ անհրաժեշտ, բայց միևնույն ժամանակ «թակցված» այս ծառայությունը շատ օգտագործողների համար մնացել է անհայտ, քանի որ վերջիններս ուղղակիորեն չեն իմացել, որտեղ փնտրել այն: Եվ այսպես, ինչպե՞ս ջնջել Gmail-ով ուղարկված նամակը:
Քանի որ Undo Send ֆունկցիան ներկայացված է որպես Gmail Labs-ի բաղկացուցիչ, ապա անհրաժեշտ է ակտիվացնել այն:
Այնուհետև անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել Google-ի ներկայացվող ֆունկցիաներում:
Gmail-ը նամակի ուղարկման գործընթացը դադարեցնելու համար «լուռ համաձայնությամբ» տալիս է 10 վայրկյան, սակայն այս ժամանակն ավելացնելու համար ուղղակի անհրաժեշտ է Settings-General-ի մեջ Undo Send-ի դիմաց ընտրել 20 կամ 30 վայրկյան:
Այժմ էլ. նամակ ուղարկեցուց անմիջապես հետո կհայտնվի նաև այն հեռացնելու ֆունկցիան, որը ակտիվ կլինի միայն 30 վայրկյան:
Նշենք, որ այս ծառայությունն այժմ Google-ի կողմից ենթարկվում է լրացուցիչ մշակման, ինչով պայմանավորված երբեմն, բայց ոչ շատ հաճախ, այն հասանելի չի լինում:

Gmail-ում արդեն հնարավոր է դիտել Photoshop-ի և այլ ծրագրերի ֆայլեր



Gmail, ինչպես նաև Google-ի այլ ծառայություններ օգտագործողներն այժմ կկարողանան տեսնել Excel, Power Point, Photoshop ծրագրերի ֆայլերն անմիջապես դիտարկիչում (բրաուզերում), և պարտադիր չէ համակարգչում ունենալ տվյալ ծրագրերը:
Google Docs Viewer-ն ապահովում է ևս 12 տիպի ֆայլերի դիտումը.
Microsoft Excel (.XLS և .XLSX)
Microsoft PowerPoint 2007 / 2010 (.PPTX)
Apple Pages (.PAGES)
Adobe Illustrator (.AI)
Adobe Photoshop (.PSD)
Autodesk AutoCad (.DXF)
Scalable Vector Graphics (.SVG)
PostScript (.EPS, .PS)
TrueType (.TTF)
XML Paper Specification (.XPS)

Նամակին կցված ֆայլերը տեսնելու համար անհրաժեշտ է միայն հետևել համապատասխան հղումին ու նոր բացված պատուհանում դիտել այն:

100-ից ավելի դելֆիններ ափ են նետվել


100-ից  ավելի գրինդա կետեր (որոնց անվանում են նաեւ «թռչող կետեր», «սեւ դելֆիններ») իրենց ափ են շպրտել նորզելանդական Ստյուարդ կղզու ափ: 107 դելֆիններին հայտնաբերել են ծովափին հանգստացողները: Այդ պահին կենդանիներից 59-ն արդեն սատկած են եղել, իսկ մյուսներին ստիպվա են եղել քնեցնել, քանի որ նրանց մինչեւ հնարավոր չի եղել տեղաշարժել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
Գրինդա կետերը ապրում են 20-ից 30 առանձնյակներից բաղկացած  խմբերով, եւ բոլորը ենթարկվում են իրենց խմբապետին։ Նոր Զելանդիայում կետերն ու դելֆինները հաճախ ափ են նետվում, ուստի գիտնականները նրանց թռչող կետեր են անվանում։ Նոր Զելանդիայի ափերում դելֆինները հաճախ են դուրս նետվում ափ հիմնականում ամռան ամիսներին, երբ խումբը վերադառնում է Ատլանտյան ջրերից։ Եթե դելֆիներից մեկը դուրս է եկել ջրից, խմբի բոլոր անդամները շտապել են օգնել նրան, ինչի հետեւանքով արժանացել են նույն բախտին:

Հայաստանում առկա է կենսամակարդակի անկում. Միջին աշխատավարձի աճը հետ է մնում գների աճից ավելի քան 2,3 անգամ


Հայաստանում շարունակվում է կենսամակարդակի անկումը։ Այդ մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության այսօր՝ փետրվարի 21-ին հրապարակած տվյալները հունվար ամսվա սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ միջին աշխատավարձն աճել է 4,5 տոկոսով, իսկ սպառողական գների ինդեքսը՝ 10,6 տոկոսով։ Միջին աշխատավարձի աճը հետ է մնում գների աճից ավելի քան 2,3 անգամ՝ սա վերջին տասնամյակում արձանագրված ամենամեծ խզումն է։
Միջին աշխատավարձը հունվարին կազմել է 104 հազ. դրամ (մոտ 285 դոլար), որից՝ պետական սեկտորում՝ 81,2 հազ. դրամ (մոտ 222 դոլար), մասնավորում՝ 131,4 հազ. դրամ (մոտ 360 դոլար)։

суббота, 19 февраля 2011 г.

Օնլայն բաժանորդագրություն Google-ից. թողարկվել է Google One Pass համակարգը


Google-ը թողարկել է զանգվածային լրատվամիջոցների կոնտենտի օնլայն բաժանորդագրության Google One Pass սեփական համակարգը: Այս մասին ասված է ընկերության պաշտոնական բլոգում:
Նախօրեին նոր համակարգի ստեղծման մասին տեղեկացրել է նաև Google-ի գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը` ելույթ ունենալով Բեռլինի Հումբոլդտի համալսարանում: Ընդ որում` ծառայությունը հրատարակիչներին թույլ է տալիս կոնտենտի ներբեռնման համար սահմանել իրենց պայմանները:
Ըստ Google-ի բլոգի` Google One Pass-ի միջոցով հրատարակիչները կարող են իրենց հաճախորդների հետ անմիջական շփման մեջ լինել և ընթերցողներին կոնտենտի մատչում ապահովել կայքի կամ բջջային հեռախոսների հավելվածների միջոցով:
Նշենք, որ ծառայությունն արդեն հասանելի է Կանադայում, Գերմանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Ի դեպ` ավելի վաղ նմանատիպ ծառայության թողարկման մասին հայտարարել էր նաև Apple-ը:

Սիրո տոն


Հայկական ամենագեղեցիկ տոներից մեկը:Այն անվանվել է Սուրբ Սարգիս զորավարի պատվին: Տոնը Սուրբ  Վալենտին տոնի հայկական տարբերակն է: Երկու տոներն էլ հնարավորություն են տալիս սիրահար զույգերին միմյանց գեղեցիկ անականկալներ ու նվերներ մատուցելու, իսկ սիրահարվածներին առիթ ընձեռում ռոմանտիկ մթնոլորտում, Սուրբ Սարգսի և սուրբ Վալենտինի հովանավորության ներքո ասելու, որ սիրում են: Սուրբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցիական ծեսով աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավադություն է: Սուրբ Սարգիս Զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Դրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասնի առ Աստված: Նրա մասին բազմաթիվ ավանդապատումներ կան, որոնք պատմել են ժողովուրդը և գրառվել ու հասել են մեզ: Ցանկացած ավանդույթ կամ ժողովրդական սովորություն իր մեջ առասպելաբանություններ է պարունակում: Բացառություն չէ նաև աղի բլիթի սովորությունը: Սուրբ Սարգսի նախորդող գիշերը երիտասարդները աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը: Այդ օրը հիշատակելու սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սուրբ Սարգիս Զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ` մաքրություն, անաղարտություն խորհրդանշող, ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները: Հայ առաքելական Սուրբ եկեղեցին կարևոում է  սրբերի բարեխոսությունը, ոչ թե այնպիսի ժողովրդական սովորություն, ինչպիսին, օրինակ, աղի բլիթն է, որը ոչ մի հոգևոր կապ չունի Սուրբ Սարգսի տոնի հետ, չնայած որ համընկնում է: Եկեղեցին դեմոկրատ գտնվելով` պարզապես չի արգելել այս երևույթը: եկեղեցին չի թխում , չի բաժանում և նույնիսկ չի օրհնում աղի բլիթը: Աղի բլիթը սուրբ Սարգսի օրն են ուտում, քանի որ եկեղեցին սիրուն նվիրված ուրիշ տոն չունի: Մեր հավատքն ուսուցանում է, որ մինչև պտուղը չհասնի, ծառից չի ընկնի:
   Նրանք ովքեր աղի բլիթ են կերել ու ոչ ոքի չեն տեսել, սակայն հավատում են դրա զորությանը, կարող են չմտահոգվել. միգուցե առանց երազի էլ  այս տարի բախտը ժպտա իրենց, և ամուսնանան, իսկ եթե ոչ, կրկին հոգ չէ, ուրեմն դեռ ծառից ընկնելու ժամանակը չի եկել:

пятница, 18 февраля 2011 г.

Ինչպե՞ս Քարդաշյանները վաստակեցին 65 միլիոն դոլլար անցյալ տարի


Հայտնի Քարդաշյան քույրերի մայր եւ ողջ Քարդաշյան կայսրության դե ֆակտո գործադիր տնօրեն Քրիս Ջենները փորձում է բացատրել անբացատրելին. Ինչո՞ւ Քարդաշյանները, Ինչո՞ւ նրա դուստրերի վիճաբանություւնները, գնումների հանդեպ սերը եւ ժամադրությունները դարձել են ազգային կախարդանք։ Ինչո՞ւ անցյալ տարի Քիմ Քարդաշյանը դարձավ Google-ով առավել որոնվող չորրորդ անձը Ջասթին Բիբերից, Քեթի Փերրից եւ Սելենա Գոմեսից հետո»,-հաղորդում է msnbc կայքը՝ վկայակոչելով Hollywood Reporter-ը։
2007 թ-ին E! ամսագրում հայտնվելուց հետո հանրահայտ ընտանիքը հմտորեն շրջանցեց 15-րոպեանոց ծրագրի օրենքը` չափազանց եկամտաբեր կայսրություն դիզելով։
Մինչ տեսախցիկները շարունակում էին նկարել ութ հոգանոց ընտանիքի ներքին կյանքը, Քարդաշյաններն ավելի հարստացան՝ վաստակելով 65 միլիոն դոլլար եւ գերազանցեցին Անջելինա Ջոլիին, Սանդրա Բալլոքին ու Թոմ Քրուզին։ Քրիս Ջենները վաստակեց գումար՝ օգտագործելով ժամանակակից բիզնես-մոդելը։ Այն կազմված է երեք առեւտրային բաղադրիչներից՝ շփում երկրպագուների հետ սոցիալական ցանցերի միջոցով (Քարդաշյանները ունեն 13 միլիոն Twitter հետեւորդներ), բրենդի գովազդում եւ բարեհաջող շոու «Keeping Up With Kardashians»՝ շաբաթական 3,5 մլն հեռուստալսարանով։

Աշխարհահռչակ երգչուհի Սարա Քոնորի մասնակցությամբ համերգը հետաձգվել է. նրան դուր չեն եկել տեխնիկական միջոցները


Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում փետրվարի 19-ին նախատեսված հայտնի փոփ-երգչուհի Սարա Քոնորի համերգը հետաձգվել է մարտի 8-ին:
Համերգը փետրվարի 19-ին չկայանալու պատճառները տեխնիկակական են: Երգչուհին այնպիսի տեխնիկական միջոցներ է պահանջել, որ նման միջոցներ Հայաստանը չունի: «Տեխնիկական պահանջները կատարելու համար տարվում են համապատասխան աշխատանքներ` տեխնիկան Հայաստան կբերվի այլ երկրից եւ համերգը կկայանա մարտի 8-ին Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում` Սարա Քոնորի եւ հայ երգիչների մասնակցությամբ:


Երկրի վրա մագնիսական հզորագույն փոթորիկ է սկսվել


Արեւի վրա վերջին հինգ տարում տեղի ունեցած հզորագույն բռնկման արդյունքում Երկրի վրա փետրվարի 18-ին մագնիսական փոթորիկ է սկսվել, հայտնում են Լեբեդեւի անվան ռենտգենյան աստղագիտության ինստիտուտի լաբորատորիայի մասնագետները։
2000 թվականից ի վեր Երկրի վրա բարձրագույն՝ 5-րդ մակարդակի 12 մագնիսական փոթորիկներ են գրանցվել, որոնք շարքից դուրս են բերել էներգոհամակարգեր, անջատել ռադիոկապը։ 5-րդ աստիճանի վերջին փոթորիկը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 11-ին։

Yandex որոնողական համակարգը Fast Company ամսագրի տվյալներով մտել է աշխարհի 50 ամենանորարական ընկերությունների ցուցակի մեջ։  Ռուսական ընկերությունը զբաղեցրել է վարկանիշային 26-րդ տեղը։
Yandex-ը կարողացել է շրջանցել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են IBM-ը, Samsung-ը եւ Microsoft-ը։
Առաջին երեք տեղերը գրավել են Apple-ը, Twitter-ը եւ Facebook-ը։ Google-ը գրավել է 6-րդ տեղը, հայտնում է Lenta.Ru-ն։

Հանրապետության յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում 4,5 տոննա թափոն

Ըստ բնապահպանության նախարարության ներկայացրած տեղակատվության՝ 2009 թ. Հայաստանում առաջացել է 14,7 մլն տոննա թափոն։ Հանրապետության մեկ բնակչի հաշվով առաջացած թափոնների քանակը  կազմել է 4.5 տոննա։
Նշենք, որ 2008 թ. համեմատ թափոնների քանակը ավելացել է 3,3 մլն տոննայով։ Չի բացառվում, որ 2010 թ. այդ տեմպը ավելացել է՝ հաշվի առնելով հանքերի շատ ինտենսիվ շահագործումը։
Թափոնների 99 տոկոսից ավելին առաջանում է Սյունիքում, որտեղ գտնվում են գունավոր մետաղների խոշորագույն հանքերը։

Սուրբ Զատիկը տոնելու ենք ապրիլի 24-ին

Տոմարական հաշվարկների համաձայն` այս տարի Սուրբ Զատիկը տոնվելու է Մեծ եղեռնի օրը` ապրիլի 24-ին: Այսինքն` Քրիստոսի Հարության տոնը նշելու ենք 1915 թ. զոհերի հիշատակի օրը: «Զատիկը փոփոխական օրերի նշվող տոմարական տոներից է. այն նշելու օրը որոշվում է բարդ տոմարական հաշվարկներով և ենթակա չէ փոփոխության ոչ մի դեպքում: Բացի այդ, կարծում եմ, որ այս երկու իրադարձությունները միանգամայն համադրելի են և չեն հակասում միմյանց»,- այս մասին կարծիք է հայտնում Ջրվեժի եկեղեցու քահանա տեր Կյուրեղը: Քահանան տեղեկացնում է, որ այս տարի ևս Սուրբ Զատիկի օրը եկեղեցիներում կանցկացվի Հարության պատարագ, որից հետո, ինչպես ամեն տարի, հոգեհանգստի ավանդական շարականներ կնվիրվեն նաև Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Այս համընկման մեջ արտառոց ոչինչ չի տեսնում նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Նախ ապրիլի 24-ը վաղուց սգո օր չէ, [թեեւ այդ օր մեր հարգանքն ենք մատուցում մեր նահատակների հիշատակին] և այդ օրը կարելի է Հարության օրը նշել: Սուրբ Զատիկը զուտ եկեղեցական տոն է, և չի ենթադրում [սանձարձակ] խրախճանքներ ու տոնախմբություն, ուստի ես որևէ խնդիր չեմ տեսնում այն Մեծ Եղեռնի օրը նշելու մեջ»,- ասում է պրն Կ. Մանոյանը: 

четверг, 17 февраля 2011 г.

ՀԿ քարոզարշավի նորություններ 15/2

«Եվրատեսիլ 2011»-ի պաշտոնական ձեւավորումը կանցնի Feel your heart beat կարգախոսով

NDR հեռուստաընկերությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2011» մրցույթի պաշտոնական ձեւավորումը: Այս տարի շոուն անցնելու է   Feel your heart beat  (Լսիր սրտիդ բաբախյունը) կարգախոսով: Շոուի վիզուալ ձեւավորումը մշակել է լոնդոնյան  Turquoise ընկերությունը: Շոուի թեման նվիրված է հույզերին, որոնք կարող է առաջացնել երաժշտությունը, եւ դա մրցույթի տարբերակիչ յուրահատկությունն է` էնտուզիազմ, սրտի բաբախում, ուրախություն, սեր եւ կիրք: Այդ էմոցիաները չունեն սահման, չունեն նաեւ լեզվական արգելք: Մրցույթի թեման էլ խոսում է այն մասին, որ յուրքանչյուր երգ ունի իր բնորոշ անհատական ռիթմը:
Նշենք, որ «Եվրատեսիլ 2011»-ին  Հայաստանը Գերմանիայում կներկայացնի երգչուհի Էմմին: Հայտնի է, որ  Հայաստանի ներկայացուցիչը հանդես է գալու առաջին կիսաեզրափակչում` մայիսի 10-ին։ Առաջին կիսաեզրափակիչի ժամանակ ելույթ են ունենալու նաեւ Ալբանիան, Ադրբեջանը, Ֆինլանդիան, Խորվաթիան, Վրաստանը, Հունաստանը, Հունգարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Լեհաստանը, Լիտվան, Ռուսաստանը, Մալթան, Սերբիան, Պորտուգալիան, Շվեյցարիան, Սան-Մարինոն, Թուրքիան:Էմիի ելույթի համարը կորոշվի մարտի 10-ին՝ պատվիրակությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Նշենք, որ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային 56-րդ մրցույթը տեղի է ունենալու Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-14-ը: Մրցույթին մասնակցելու է 43 պետություն:

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հ/կ-երը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ստորագրել են «Հարավային Կովկասի կայունության եւ կայուն զարագացման համար համագործակցության սկզբունքների մասին» համաձայնագիր: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»։ Փաստաթուղթը քննարկվել է փետրվարի 11-12-ին` Թբիլիսիում, Վրաստանի Կանաչների կուսակցության կազմակերպած հանդիպման ընթացքում:
Մասնակիցները որոշեցին, որ համատեղ գործունեության ռազմավարությունը պետք է հիմնվի ընդհանուր ձգտումների եւ պայմանների վրա, ուղղվի փակուղուց դուրս գալու նոր ուղիների որոնմանը, որոնք հիմք կդառնան տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ մեր ժողովուրդների բարգավաճման համար:
Համաձայնագրի ներքո ստորագրեցին Վրաստանի կանաչների կուսակցությունը, Վրաստանի կանաչների շարժումը, Էկոլոգիական իրավունքի կենտրոնը (Վրաստան), Ժողովրդի ձայնը (Վրաստան), Ադրբեջանի կանաչների կուսակցությունը, Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիան (Հայաստան), «Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն»-ը (Հայաստան), «ԷկոԼուր»-ը (Հայաստան), «Մենք ենք այս քաղաքի տերը» եւ «Թեղուտի պաշտպանության խումբ» քաղաքացիական նախաձեռնությունների (Հայաստան) ներկայացուցիչներ:

Apple-ի ղեկավար Սթիվ Ջոբսը շուտով կմահանա՞

Apple-ի հիմնադիր եւ ղեկավար Սթիվ Ջոբսի առողջական վիճակը, ինչպես եւ սպասվում էր, գնալով վատանում է։ National Enquirer ամսագիրը հայտնում է, որ նրա օրերը հաշված են, եւ 6 ամիս հետո նա կմահանա, իսկ վերլուծաբանները գուշակություններ են անում, թե ինչ կկատարվի ընկերության հետ դեպքերի ողբերգական զարգացումներից հետո:
Ջոբսին տեղափոխել էին Կալիֆորնիայի Պալո Ալտո-ում գտնվող Ստենֆորդի ուռուցքաբանական կենտրոն: Այդ բժշկական հաստատությունում քիմիաթերապիայի կուրս էր ստացել հոլիվուդյան աստղ Պատրիկ Սուեյզին, ով մահացել էր քաղցկեղից 2009 թ։
Փետրվարի 8-ին National Enquirer-ին հաջողվել է մի քանի անգամ լուսանկարել Ջոբսին։ Նկարների մեջ նա շատ վտիտ տեսք ունի` ահավոր նիհարած եւ թափված մազերով։ Հիվանդության ընթացքում նա 20-կգ նիհարել է:
2004-ին Ջոբսին  վիրահատել էին ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով, իսկ 2009թ. նրան նոր երիկամ էին փոխպատվաստել, իսկ Ջոբսը հեռացել էր ընկերության կառավարումից։

среда, 16 февраля 2011 г.

Վրաստանը Google-ի քարտեզի վրա սպիտակ բիծ է


Google-ի քարտեզի վրա Վրաստանը շարունակում է մնալ սպիտակ բծի տեսքով, իսկ Google-ում Վրաստանը ներկայացված է միայն ֆոտոշարքի տեսքով, այլ տեղեկատվություն Վրաստանի բնակեցված կետերի, փողոցների, ավտոմոբիլային ճանապարհների, երկաթուղային մագիստրալների վերաբերյալ չես կարող գտնել:

Google-ն այս ամենը բացատրում է նրանով, որ Վրաստանի վերաբերյալ քարտեզները իրենց հարմար եւ իրենց պահանջներին համապատասխան չեն: Google map-ը բոլորին հնարավորություն է ընձեռում, իր կայքէջում դնել Google-ի քարտեզը, վրան նշել  իր տեղավայրը, ինչպես նաեւ տեղավայրի նկարագրությունը:Չնայած, փորձագետները նշում են, որ Վրաստանի դեպքում դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Վրաստանի ներկայացրած թվային բազան հաստատվի Google-ի կողմից: Ըստ Վրաստանի տնտեսական նախարարության տուրիզմի բաժնի հայտարարության, իրենք բանակցություններ են վարում Google-ի ներկայացուցիչների հետ եւ հույս ունեն, որ 2-3 ամսվա ընթացքում Google-ի քարտեզի վրա Վրաստանի կդադարի սպիտակ բիծ մնալ:

Առաջիկա մեկ ամսում հայաստանյան բջջային օպերատորներին կներկայացվի Բջջային նույնականացման քարտերի նախագիծը


Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը հայաստանյան բոլոր երեք բջջային օպերատորներին կներկայացնի Բջջային նույնականացման քարտերի նախագիծը` դրանք համատեղ քննարկելու համար: Այս մասինNEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց  գրասենյակի տնօրեն Արթուր Ղուլյանը: Նրա խոսքով` բջջային նույնականացման քարտեր ստեղծելու նախագծի մտահղացումը առաջացել է դեռեւս վեց ամիս առաջ, սակայն ներկայումս այն ավելի որոշակի է դարձել, քանի որ Հայաստանում սկսվել է նույնականացման քարտերի ներդրման գործընթացը:
Հիշեցնենք, որ նույնականացման քարտերը Հայաստանում կսկսեն տրամադրվել սեպտեմբերից, եւ կարժենան 1000 դրամ: Նույնականացման քարտը 16 տարին լրացած երիտասարդների համար պարտադիր է լինելու: Նույնականացման քարտը ներառելու է նաեւ էլեկտրոնային ստորագորությունը: 
Բջջային նույնականացման քարտը մյուս քարտերի համեմատ որոշ առավելություններ ունի։ Ա. Ղուլյանի խոսքով` բջջային նույնականացման քարտ ունեցողը ինտերնետում հնարավորություն կունենա ցանկացած տեսակի էլեկտրոնային գործարք կատարել բջջային հեռախոսի միջոցով, առանց էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված համապատասխան ծրագրի կամ կարդացող սարքի:
«Նույնականացման քարտերը կիրառելու համար անհրաժեշտ է ընկերություններում ընթերցող սարքեր (քարտ ռիդերներ) տեղադրել, հետեւաբար դա ենթադրում է որոշակի ծախսեր: Իսկ բջջային նույնականացման քարտեր ունենալու պարագայում արդեն նման սարքերի կարիք չի լինի»,-ասաց Ա. Ղուլյանը: Նրա խոսքով` բջջային նույնականացման քարտերի միջոցով հնարավոր կլինի էլեկտրոնային միջավայրում ցանկացած գործարք իրականացնել:
Բջջային նույնականացման քարտից օգտվելու համար անհրաժեշտ կլինի պարզապես բջջային սիմ քարտը փոխարինել բջջային նույնականացման քարտով եւ այդպիսով ցանկացած մարդ կարող է նույնականացվել` տարբեր հնարավոր համակարգերում:
Ներկայումս Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը լուրջ ուսումնասիրություններ է կատարում տարբեր երկրների բջջային նույնականացման քարտերի ներդրման գործընթացին եւ տեխնոլոգիաներին առավել լավ ծանոթանալու համար: Այդ երկրների թվում են` Ֆինլանդիան, Ֆրանսիան, Կորեան, Էստոնիան

Բելգիայի արքայազնին զրկել են վարորդական իրավունքից



Բելգիայի թագավոր Ալբերտ 2–րդի կրտսեր որդին՝ արքայազն Լորանը, երթևեկության կանոնները խախտելու համար զրկվել է վարորդական իրավունքից։ Այս մասին հայտնում են բելգիական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ արքայազնը երթեկության կանոնը խախտել է Բրյուսելում. նա ժամում 82 կմ արագությամբ ընթացել է քաղաքի այնպիսի հատվածում, որտեղ արագությունը չպետք է գերազանցեր ժամում 50 կմ–ը։ Բրյուսելի դատարանը չի հաստատել արքայազնին վարորդական իրավունքից զրկելու մասին տեղեկությունը՝ միաժամանակ չհերքելով այն։
Իսկ ահա լրատվամիջոցները մեջբերում են նույնիսկ երթևեկության կանոնը խախտելու համար կազմված արձանագրության համարը։

вторник, 15 февраля 2011 г.

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը նոր վեբ կայք ունի՝ www. eurovision.am


«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցչությունը նոր վեբ կայք ունի՝ www. eurovision.am։ Կայքը գործարկվել է այսօր՝ փետրվարի 15-ին։ Նոր կայքը համակցված է սոցիալական խոշոր ցանցերին՝ Facebook, Twitter, YouTube: Մոտ օրերս դրանք արդեն կգործեն։  
Կայքը պատրաստել է Shahumyan Media ընկերությունը։ Ընկերության հիմնադիր Արիկ Շահումյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կայքը անընդհատ թարմացվելու է։ Այստեղ կարելի է գտնել տեղեկատվություն «Եվրատեսիլ»-ում Հայաստանի նախկին ու ներկա մասնակիցների վերաբերյալ՝ լուսանկարներ, երգերի տեսահոլովակներ, ձայնագրություններ եւ այլն։
«Հայաստանը միշտ մեծ կարեւորություն է տալիս երգի այս մրցույթին, եւ քանի որ այս տարի Հայաստանում է անցկացվելու մանկական «Եվրատեսիլը», ապա շատ անհրաժեշտ էր, որպեսզի «Եվրատեսիլի» հայաստանյան կայքը լիներ միջազգային չափանիշներին համապատասխան»,-ասաց Ա. Շահումյանը։

Բացահայտվել է Coca-Cola-ի բաղադրատոմսը, որը գաղտնի էր պահվում շուրջ 125 տարի

Ամերիկյան This american life ռադիոշոուն հավաստում է, որ խմբագրությանը հաջողվել է գտնել Coca-Cola-ի օրիգինալ բաղադրատոմսի կրկնօրինակը, ըմպելիք, որի պատրաստման եղանակը շուրջ 125 տարի գաղտնի էր պահվում:
Համաձայն բաղադրատոմսի, հանրահայտ ըմպելիքի բաղադրության մեջ մտնում է կոլայի էքստրակտ, լիմոնաթթու, կոֆեին, շաքար, ջուր, լայմայի հյութ, վանիլ, կարամել, ալկոհոլ, նարնջի յուղ, կիտրոնի յուղ, մուսկատի ընկույզի յուղ, կորիանդր, ներոլի, դարչին:
Ըմպելիքn առաջին անգամ պատրաստվել է 1886 թվականին, դեղագործ Ջոն Պոմբերտոնի կողմից: Անվանումն ու լոգոտիպը հղացել է հաշվապահ Ֆրենք Ռոբինսոնը: Ըմպելիքի օրիգինալ բաղադրատոմսը պահվել է Ատլանտայի բանկային պահարանում, որը գտնվում է շուրջօրյա վերահսկողության ներքո:

Մարդակերպ ռոբոտը տիեզերքից Twitter կայքում միկրոբլոգ կվարի


Ճապոնական տիեզերական գործակալությունը (JAXA) նախատեսում է Միջազգային տիեզերակայան ուղարկել մարդակերպ ռոբոտի, որն իր գործուղման ընթացքում հետևելու է իր գործընկեր–մարդկանց հոգեբանական վիճակին, ինչպես նաև իր միկրոբլոգն է վարելու Twitter սոցիալական ցանցում։
Տիեզերագնաց–ռոբոտի ստեղծման աշխատանքները տարվում են Տոկիոյի համալսարանի մասնագետների հետ համատեղ։
Ռոբոտը ընդունակ կլինի շփվել մյուս տիեզերագնացների հետ, հասկանալ մարդկային լեզուն ու դեմքի արտահայտությունները, ինչպես նաև լիակատար մասնակցություն ունենալ տիեզերակայանի աշխատանքներին։
Նրա պարտականությունների մեջ, մասնավորապես, կընդգրկվի ուղեծրից Երկիր մոլորակի լուսանկարումը։ Բացի այդ, ռոբոտը կհետևի տիեզերակայանում գտնվողների խոսքին ու դեմքի արտահայտություններին՝ վերլուծելով հավաքած տեղեկությունները, ինչը նրան հնարավորություն կտա, օրինակ, որոշել, թե տիեզերակայանի անձնակազմի անդամներից ով է գտնվում ընկճված վիճակում։
Տիեզերական կյանքի վերաբերյալ իր տպավորությունները ռոբոտը կհաղորդի Twitter կայքի իր միկրոբլոգում։

понедельник, 14 февраля 2011 г.

Կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Վալենտինի օրը


Կաթոլիկ աշխարհն այսօր՝ փետրվարի 14-ին, նշում է բոլոր սիրահարների օրը՝ Սուրբ Վալենտինի տոնը։ Այդ օրը սովորաբար պսակադրության զանգվածային արարողություններ են կատարվում։ Սիրահարները փետրվարի 14-ին միմյանց սրտիկի տեսքով հուշանվերներ են տալիս։
Այս տոնը թվագրվում է մոտավորապես 269 թվականին, երբ  Հռոմի կայսրությունը ղեկավարում էր Կլավդիոս 2-րդ կայսրը։ Հռեմեական բանակը զինվորների մեծ պակաս ուներ, եւ ռազմավարը համոզված էր, որ դրա պատճառն ամուսնություններն են։
Որպեսզի իր զինվորների մեջ պահպանի մարտական ոգին, կայսրը լեգեոներներին արգելում է ամուսնանալ։ Սակայն գտնվում է մի մարդ, ով չի վախենում կայսեր զայրույթից եւ լեգեոներներին գաղտնի ամուսնացնում է իրենց սիրեցյալների հետ։ Դա Վալենտին  անունով հոգեւորականն էր՝ հռոմեական Տերնի քաղաքից։ Կայսեր հրամանը խախտել համաձակված հոգեւորականին մահապատժի են ենթարկում։
Ողբերգական էր նաեւ այն հանգամանքը, որ Վալենտինը սիրահարված էր բանտապահի աղջկան։ Մահապատժից մեկ օր առաջ հոգեւորականը նամակ է գրում նրան, ուր պատմում է իր սիրո մասին եւ նամակի տակ ստորագրում է՝ «Քո Վալենտին»։  
496 թվականին Հռոմի Պապ Գելասիուսը փետրվարի 14-ը հայտարարում է Սուրբ Վալենտինի օր։ Արեւմուտքում տոնը լայն տարածում է ստանում 13-րդ դարում, ԱՄՆ-ում՝ 1777 թվականից։
Նշենք, որ Հայաստանում սիրահարների տոն համարվում է Սուրբ Սարգսի օրը, որն  այս տարի կնշվի փետրվարի 19-ին։

Windows Phone 7. Nokia-ն ցուցադրել է սմարթֆոնի նախատիպը


Nokia ընկերությունը ցուցադրել է Windows Phone 7 պլատֆորմով առաջին սմարթֆոնի նախատիպը, գրում է Electronista միկրոբլոգը: Սարքի մոդելը ներկայացրել է Nokia-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Ջո Հարլոուն Mobile World Congress ցուցահանդեսում:
Ներկայումս հայտնի չեն ոչ մոդելների անվանումները, ոչ առանձնահատկություններն ու գինը: Ցուցահանդեսին ներկայացվել է միայն մեկ նախատիպ, որն արված է երկու գույներով: Հարլոուն ասել է, որ նորամուծությունը կարող է վաճառքի հանվել արդեն 2011-ի վերջին, հաղորդում է Lenta.ru-ն:
Nokia-ի եւ Microsoft-ի միջեւ համագործակցության մասին հայտարարվել է ուրբաթ, փետրվարի 11-ին, երկու ընկերությունները առաջիկա երկու տարիներին ստեղծելու են սմարթֆոններ Windows Phone պլատֆորմով: Այդ ընթացքում ընկերությունը հրաժարվելու է Symbian օպերացիոն համակարգերից:

воскресенье, 13 февраля 2011 г.

Աշխատանքի ընդունվելու գաղտնիքները


Երիտասարդությանը խիստ հուզող արդիական հարցերից մեկը աշխատանքի բացակայությունն է: Շատ ընկերություններում թափուր աշխատատեղերի համար ներկայացվում են  բավականին լուրջ պահանջներ, բայց հաճախ, անգամ եթե Ձեր տվյալները համապատասխանում են աշխատանքի պահանջներին, այնուամենայնիվ, Ձեզ մերժում են: Բանը  նրանում է, որ շատ երիտասարդներ չեն տիրապետում որոշ նրբությունների և հարցազրույցի ժամանակ թույլ են տալիս փոքրիկ, բայց որոշիչ սխալներ:
Ինչպե՞ս խուսափել նման իրավիճակներից:
Հիշե’ք, Դուք երբեք չեք կարողանա երկրորդ անգամ թողնել առաջին տպավորություն: Դա է պատճառը, որ ողջ հարցազրույցը կարող է կախված լինել առաջին րոպեներից: Ձեր  մասին կարծիքի մոտ 70%-ը ձևավորվում է մինչև զրույցը: Հետևաբար, պետք է անել ամեն ինչ, որպեսզի ունենաք ինքնավստահ և հաճելի տեսք:
Տրամադրեք ինքներդ Ձեզ, որ աշխատանքը արդեն ստացել եք և այդ հանդիպումը ուղղակի ձևական բնույթ է կրում:
Արտաքին տեսքը պետք է համապատասխանի տվյալ պաշտոնին, որին հավակնում եք: Հիմնականում խորհուրդ է տրվում գործնական, ոչ ճչացող հագուստ կրել: Շպարը և  օծանելիքը պետք է լինեն չափի մեջ և չշեղեն գործատուի ուշադրությունը: Մազերը ցանկալի է հավաքել:
Մեծ ուշադրություն դարձրեք միմիկային և ժեստերին: Դրանք կարող են մատնել Ձեր հուզմունքն ու անվստահությունը: Հանդիպման իսկ առաջին վայրկյանից փորձեք թեթևակի ժպտալ, անպայման պահեք հայացքների “հանդիպումը”:
Եթե Ձեզ թույլ տան ըտրել նստելու աթոռը, ապա կարող եք մոտ նստել ղեկավարին, դա կարող է նրան անակնկալի բերել, բայց այդ քայլը կստիպի տեսնել Ձեր մեջ համախոհի:
Նստեք հանգիստ, մկանների ավելորդ լարվածությունը կկաշկանդի շարժուձևն ու խոսքը: Աթոռին “չպարկել” և չհենվել սեղանին: Պետք չէ ընդունել պաշտպանական դիրք` ձեռքերը խաչել կրծքի վրա կամ երկու ձեռքը ամուր սեղմել իրար: Փորձեք լինել բնական:
Հայացքը առաջին գործիքն է, որ կապ է ստեղծում մարդկանց միջև: Պետք չէ հայացքը անթարթ հառել գործատուի վրա, բայց միշտ փորձեք պահել կոնտակտը աչքերի միջոցով:
Նեյրոլինգվիստիկ ծրագրավորման միջոցով Դուք կարող եք զրուցակցին դարձնել ավելի ընկալունակ և հասնել փոխհասկացման: Փորձեք օգտագործել նրան բնորոշ ձայնային տոնայնությունը, չափի մեջ ընդօրինակեք նրա շարժումները: Սա կարող է օգնել, եթե խոսակցության դրական իմպուլսներով է ուղեկցվում:
Հարցազրույցին Ձեր խնդիրն է ներկայանալ լավագույն լույսի ներքո, բայց պետք չէ հանդիպումը վերածել բեմականացման: Մի փորձեք ողջ ուշադրությունը սևեռել վարքի վրա: Հետևեք, որ Ձեր խոսքը լինի լակոնիկ և վերաբերվի կոնկրետ տրված հարցին:
Մի շեղեք թեման և աշխատնքին չվերաբերվող հարցեր մի տվեք:
Պատրաստ եղեք պատսխանել անձնական բնույթի հարցերին, բայց մի օգտագործեք սեփական կյանքի խնդիրներն ու անհաջողությունները, խղճահարություն մի առաջացրեք: Դժվար թե, ինչ-որ մեկը ցանկանա կյանքից դժգոհ և դժբախտ աշխատակից ունենալ: Մի ընդհատեք զրուցակցին, խուսափեք սլենգից:
Եթե ունեք նախկինում անհաջող աշխատանքային փորձ, մի փնովեք ղեկավարին, կամ աշխատանքային անձնակազմին: Ներկայացրեք այդ դեպքը, որպես եզակի:
Հարցազրույցից առաջ կարող եք հայելու առջև մշակել Ձեր խոսքը և միմիկան:
Ամենակարևորը` օբյեկտիվ գնահատեք Ձեր ունակություններն ու հնարավորությունները:
Մի’ հուսահատվեք, եթե չեք ստացել աշխատանք, այլ փորձեք վերլուծել պատճառները ու գտնել դրանց վերացման ուղիները:
Հիշե’ք, եթե Դուք չեք համապատասխանել մի աշխատանքին, ապա հաջորդ տարբերակը հաստատ Ձեզ համար է, չէ որ կարևոր է ոչ միայն աշխատանքի առկայությունը, այլև այն որ սիրեք Ձեր գործը, պիտանի զգաք Ձեզ և գնահատվեք ըստ արժանվույն:

суббота, 12 февраля 2011 г.

BMW-ի նոր՝ Vision մոդելը ինովացիոն տեխնոլոգիաների գագաթնակետն է

Գերմանական BMW ավտոկոնցեռնը պատրաստվում է Ժնեւի ավտոսրահում մարտի 1-ին ներկայացնել ապագայի ավտոմեքենայի իր տեսլականը՝ BMW Vision ConnectedDrive-ը, որի ֆուտուրիստական արտաքինի տակ հայտնվել են ինովացիոն տեխնոլոգիաների ամենավերջին լուծումները։
BMW-ի այս նոր կոնցեպտ-մոդելը համալրված է 365 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որն ունակ է 100 կմ արագությանը հասնել 4,8 վայրկյանում։ Մեքենայի 1,3 լիտրանոց դիզելային շարժիչի եւ 2 էլեկտրական շարժիչի շնորհիվ 100 կմ անցնելու համար ծախսում է 3.76 լիտր վառելիք, իսկ էլեկտրաշարժիչները հնարավորություն են տալիս շարժվել հավելյալ 50 կմ եւս։
Մեքենան համալրված է լինելու ConnectedDrive Vision համակարգով, որը լրացնում է BMW-ի կողմից 2 տարի առաջ ներկայացրած Vision EficentDynamics-ին։  Այն վարորդի համար անհրաժեշտ ամբողջ ինֆորմացիան ներկայացնում է Head-Up էկրանին։ Ուղեւորի համար եւս նախատեսված է էկրան, որը հնարավորություն է տալիս ուղեւորին անմիջականորեն ղեկավարել տեղորոշիչ եւ մուլտիմեդիա համակարգերը։ Լուսարձակների վրա տեղադրված տեսախցիկները վարորդին ապահովելու են հավելյալ ինֆորմացիայով։
Մեքենայի յուրօրինակ հնարավությունների մեջ է նաեւ «ավտոպիլոտ» համակարգը, որի շնորհիվ վարորդը կարող է համակարգչին տալ համապատասխան երթուղին,եւ մեքենան ինքուրույն կշարժվի դեպի նշանակետ։ Բացի այդ հնարավոր կլինի մեքենան կառավարել նաեւ բջջային հեռախոսի միջոցով։  Այսինքն, վարորդը կարող է հրահանգով ավտոկայանատեղից կանչել մեքենան եւ նոր նստել ղեկին։

Մեքենայի ավելի մանրամասն տվյալների մասին հայտնի կդառնա մարտի 1-ից 15-ը անցկացվելիք Ժնեւի ավտոսրահում։

Երեխայի IQ-ն կախված է առաջին երեք տարիներին ընդունած նրա սնունդից

Բրիստոլյան համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել են երեխայի սննդակարգի եւ մեծ տարիքում նրա ինտելեկտի մակարդակի միջեւ կապը։
Պարզվել է, որ երեխաները, որոնք մինչեւ երեք տարեկանը սնվել են, այսպես կոչված, արագ սնունդով՝ պիցցա, չիփսեր, թխվածքաբլիթներ, ութ տարեկանում IQ մակարդակով 5 կետով զիջում են իրենց հասակակիցներին, ովքեր փոքր տարիքում կերակրվել են տնական ճաշերով, մրգերով եւ բանջարեղեններով։
Միտումը հնարավոր չի եղել փոխել անգամ ֆաստ-ֆուդով սնված երեխաներին հատուկ դիետաներ նշանակելով։ Ցավոք, ինտելեկտի մակարդակով այդ երեխաները, միեւնույն է, զիջել են իրենց հասակակիցներին, հայտնում է ЕвроСМИ-ն։

пятница, 11 февраля 2011 г.

Օբաման մտադիր է 18 մլրդ դոլար հատկացնել գերարագ ինտերնետի համար




ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հատկացնել մոտ 18 մլրդ դոլար ամերիկացի սպառողներին գերարագ ինտերնետ կապով ապահովելու համար։ Այս նախագծի համաձայն՝ 5 տարվա ընթացքում կապը պետք է հասանելի լինի ամերիկացիների 98%–ին։ Նման հայտարարությամբ Օբաման հանդես է եկել Միչիգանի Հյուսիսային համալսարանում, հայտնում է Associated Press–ը։
«Իմաստ չունի սպասել, որ ապագայի տնտեսությունը արմատավորվի երեկվա ենթակառուցվածքում»,–ասել է ԱՄՆ նախագահը։
Օբամայի այս նախագիծն ավելի մանրամասն կնկարագրվի 2011–ի փետրվարի 14–ին։
Հայտնի է, որ նախատեսվում է մոտ 4 մլրդ դոլար հատկացնել գյուղական շրջաններում ինտերնետ կապի անցկացման, մոտ 10 մլրդ դոլար՝ արագ արձագանքման ծառայությունների համար ազգային ինտերնետ կապ ստեղծելու, ոչ պակաս քան 3 մլրդ դոլար՝ նոր ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելու համար։