воскресенье, 23 января 2011 г.

Դիմահարդարումն արվեստ է, որի մասին քչերը գիտեն

Դիմահարդարումն արվեստ է, որը պահանջում է ճաշակ, երևակայություն և նկարչական հմտություն: Այն պետք է ընդգծի դեմքի առավելությունները և կոծկի թերությունները. սա է դիմահարդարման ոսկե կանոնը: Սակայն շատ հաճախ հակառակն է պատահում. կանայք, չտիրապետելով դիմահարդարման կանոններին, ոչ միայն փչացնում են դեմքի բնական գեղեցկությունը, այլև ավելի տեսանելի են դարձնում թերությունները: Գոյություն ունի դիմահարդարման երեք տեսակ` առօրյա, գործարար և երեկոյան, որոնք հաճախ մեր հայ կանայք չեն տարբերում: Առօրյա դիմահարդարման ժամանակ պետք է զերծ մնալ դեմքն ավելորդ գրիմով ծանրաբեռնելուց. դա ոչ թե գեղեցիկ է, այլ անբնական, ընդհամնենը պետք է մի փոքր դիմափոշի քսել, իսկ եթե եմքի մաշկը լավ վիճակում է, դա ավելորդ է: Շատ թեթև կարմրաներկով ներկել այտերը և թույլ ստվերաներկով` աչքերը: Շուրթերը կարելի է ներկել թույլ վարդագույն, մարմնագույն շրթներկով կամ անգույն, սակայն փայլուն, յուղային շրթներկով և այսքանով սահմանափակվել: Գործարար-աշխատանքային դիմահարդարման ժամանակ, պետք է օգտագործել փափկեցնող, ապա տոնային քսուքներ, դիմափոշի, որը պետք է լինի մաշկի գույնին համապատասխան, կարմրաներկ, որը, ի տարբերություն առօրյայի, մի փոքր կարող է արտահայտիչ լինել, աչքերն ընդգծել աչքերի մատիտով կամ սուրմայով, սև, արծաթագույն, շագանակագույն կամ ոսկեգույն ստվերաներկով, բայց ոչ թե փայլփլուն, այլ անփայլ, տուշով մի փոքր խտացնել թարթիչները, շուրթերը շատ նրբորեն եզրագծել շուրթերի մատիտով, ապա ոչ վառ, բաց երանգով շրթներկ քսել: Ինչ վերաբերում է երեկոյան դիմահարդարմանը, այստեղ, կարելի է տուրք տալ ազատությանն ու երևակայությանը, սակայն ամենակարևորը` չկորցնել չափի և ճաշակի զգացողությունը: Կարելի է ավելի համարձակ լինել, բայց որպեսզի չկորցնեք գունային ներդաշնակությունը, պետք է գույները համապատասխանեցնել մազերի, աչքերի, հագուստի գույներին:   Դիմահարդարման արվեստի գաղտնիքն այն է, որ դիմահարդարումից հետո դեմքը գեղեցկանա, առանց արտահայտելու, թե ինչ պարագաներ են օգտագործվել:
Տ/Հ

2011-ին դիզայներները խորհուրդ են տալիս

2011թ. արևելյան օրացույցով մետաղյա Ճագարի տարի է: Ուստի, այս տարի  պետք է շատ կրել մետաղյա զարդեր, փայլուն գործվածքով, քարերով զարդարված զգեստներ: Տարվա խորհրդանիշը ոսկին է, որի վառ և հագեցած գույնը ոչ միայն նորաձև է, այլև ցանկացած աղջկա կարող է դարձնել երեկոյի թագուհի: Այս տարի  ակտուալ կլինեն մեղմ գույները, ինչպես նաև փայլուն երանգները՝ սպիտակը, արծաթագույնը, բաց մոխրագույնը, ոսկեգույնն ու կարմիրի երանգները: Նորաձև կլինեն նաև ասեղնագործությամբ զարդարված զգեստները:  Աքսեսուրաներում ողջունելի են ձեռնոցները, հատկապես երկար` մինչև արմունկը  հասնող ձեռնոցները: Կոշիկը կարող է լինել բարձրակրունկ կամ պլատֆորմի վրա, սանրվածքը` պարզ և հասարակ:

пятница, 21 января 2011 г.

Հունվարի 21-ը Գրկախառնության միջազգային օրն է

Այս տոնը աշխարհում նշվող ամենաանսովոր տոներից մեկն է: Այն հիմնվել է 1986 թվականին ԱՄՆ-ում` գրկախառնությունների  միջազգային օր անվամբ, այնուհետև  տարածվել ամբողջ աշխարհում:  Տոնի ավանդույթի համաձայն, այս օրը կարելի է բարեկամաբար գրկի մեջ առնել նույնիսկ անծանոթ մարդու, միմյանց փոխանցելով  իրենց հոգու  ջերմությունը:    Տոնն ունի նաև այլ անվանումներ` ՚Գրկախառնություն խաղաղության համարՙ, ՚Համաշխարհային գրկախառնության օրՙ, նույնիսկ ՚Գրկիր արջուկինՙ:  Այս ՚Գրկախառնություն խաղաղության համարՙ համաշխարհային օրը մարդկանց հնարավորություն է ընձեռում ցույց տալ աշխարհին, որ խաղաղությունը և փոփոխությունը  դեպի լավը սկսվում է յուրաքանչյուրից:

четверг, 20 января 2011 г.

Սուրբ ծնունդ և Աստվածահայտնություն

Ճրագալույցի Ս. Պատարագ տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սբ. Ծննդյան և Սբ. Հարության տոներին: Ըստ Հայ Եկեղեցու՝ Սբ. Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկո մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ ծննդյան տոնն սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Հունվարի 5-ի երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույց Աստվածահայտնության և մատուցվում Սբ.Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ՝ մոմ, վառել (լուցանել): Այդ օրը երեկոյան, մարդիկ եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ Աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի ծննդյան և մկրտության միջոցով հաստատված երկու Աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ