суббота, 12 февраля 2011 г.

Երեխայի IQ-ն կախված է առաջին երեք տարիներին ընդունած նրա սնունդից

Բրիստոլյան համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել եւ պարզել են երեխայի սննդակարգի եւ մեծ տարիքում նրա ինտելեկտի մակարդակի միջեւ կապը։
Պարզվել է, որ երեխաները, որոնք մինչեւ երեք տարեկանը սնվել են, այսպես կոչված, արագ սնունդով՝ պիցցա, չիփսեր, թխվածքաբլիթներ, ութ տարեկանում IQ մակարդակով 5 կետով զիջում են իրենց հասակակիցներին, ովքեր փոքր տարիքում կերակրվել են տնական ճաշերով, մրգերով եւ բանջարեղեններով։
Միտումը հնարավոր չի եղել փոխել անգամ ֆաստ-ֆուդով սնված երեխաներին հատուկ դիետաներ նշանակելով։ Ցավոք, ինտելեկտի մակարդակով այդ երեխաները, միեւնույն է, զիջել են իրենց հասակակիցներին, հայտնում է ЕвроСМИ-ն։

пятница, 11 февраля 2011 г.

Օբաման մտադիր է 18 մլրդ դոլար հատկացնել գերարագ ինտերնետի համար




ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է հատկացնել մոտ 18 մլրդ դոլար ամերիկացի սպառողներին գերարագ ինտերնետ կապով ապահովելու համար։ Այս նախագծի համաձայն՝ 5 տարվա ընթացքում կապը պետք է հասանելի լինի ամերիկացիների 98%–ին։ Նման հայտարարությամբ Օբաման հանդես է եկել Միչիգանի Հյուսիսային համալսարանում, հայտնում է Associated Press–ը։
«Իմաստ չունի սպասել, որ ապագայի տնտեսությունը արմատավորվի երեկվա ենթակառուցվածքում»,–ասել է ԱՄՆ նախագահը։
Օբամայի այս նախագիծն ավելի մանրամասն կնկարագրվի 2011–ի փետրվարի 14–ին։
Հայտնի է, որ նախատեսվում է մոտ 4 մլրդ դոլար հատկացնել գյուղական շրջաններում ինտերնետ կապի անցկացման, մոտ 10 մլրդ դոլար՝ արագ արձագանքման ծառայությունների համար ազգային ինտերնետ կապ ստեղծելու, ոչ պակաս քան 3 մլրդ դոլար՝ նոր ինտերնետ տեխնոլոգիաների ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելու համար։

«Google»-ը կօգնի ամուսնացողներին


«Google»-ը թողարկել է նոր ծառայություն՝ «Google Weddings», որն օգնում է պլանավորել հարսանեկան արարողությունը: Այն թույլ է տալիս պատրաստել հրավիրատոմսեր, հաշվել ծախսերը, ինչպես նաև պատրաստել նկարներ ու խմբագրել դրանք:
«Google»-ի պաշտոնական բլոգը գրում է, որ ընկերությունը համագործակցել է հարսանիքի պլանավորման մասնագետ Միշել Ռագոյի հետ, ով օգնել է համակարգել աշխատանքն ու ձևավորել կայքը:
Սա «Google»-ի առաջին փորձը չէ այս ասպարեզում: Մեկ տարի առաջ ընկերությունը «Google Docs»-ում տեղադրեց հարսանեկան ձևանմուշներ, որոնք օգնում էին պլանավորել հարսանեկան ծախսերը, պատրաստել հրավիրատոմսերը և այլն:

«Համակարգիչ բոլորի համար» ծրագրի համակարգիչները կէժանանան

Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը մեկնարկել է 2010 թ. դեկտեմբերին։ Այդ նպատակով Համաշխարհային բանկը հատկացրել է 3 մլն դոլար, իսկ Հայաստանի կառավարությունը ծրագրի հետագա ֆինանսավորումն իրականացնելու համար 1 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ կենտրոնական բանկին։
NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանն ասաց, որ հաջորդ շաբաթ արդեն Կենտրոնական բանկը պետք է հստակ ծրագիր ներկայացնի։ Հիմնադրամն իր հերթին զբաղված է 25 խանութների ցանցի վերազինմամբ։ Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական փուլում մեծ ծավալով համակարգիչներ կառաջարկվեն, քանի որ ավելացել է մատակարարների թիվը, հետեւաբար եւ առաջարկվող տեսականին։ Ծրագրի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Dell-ը, Toshiba-ն, Hewlett- Packard-ը , Asus-ը եւ այլ ընկերություններ, սակայն վերջնական պայմանավորվածություն նրանց հետ դեռեւս չի ձեռքբերվել, դա տեղի կունենա առաջիկա 1 ամսվա ընթացքում։
«Այս ամենի արդյունքում  ծրագրի միջոցով առաջարկվող համակարգիչների գների նվազում կնկատվի, սակայն այն մեծ չի լինի»,-ասաց Բ. Ենգիբարյանը։ Նրա խոսքով՝  ծրագրով առաջարկվող համակարգիչների գները լուրջ տարբերություն չեն ունենա այլ մասնավոր խանութների առաջարկներից։ Ավելին՝ ծրագրում ընդգրկված համակարգիչները կլինեն ավելի էժան, քան այլ խանութներում վաճառվող նույն ֆիրմայի եւ դասի մյուս համակարգիչները:
Ինչ վերաբերում է ծրագրի պայմանների փոփոխմանը, ապա Բ. Ենգիբարյանի խոսքով՝ ծրագրում լուրջ փոփոխություններ չեն լինելու եւ առաջարկվող պայմանները ընդհանուր առմամբ նույնն են լինելու՝ երկու տարի ապառիկ վաճառք, առանց կանխավճարի եւ տոկոսադրույքի։ Կավելանա միայն առաջարկվող տեսականին եւ խանութների քանակը:
«Մեր նպատակն էր Հայաստանում նման մոդելի կիրառումը, սակայն դա չի նշանակում, որ այս ծրագիրը կսկսի փոխարինել գործող մասնավոր խանութներին։ Մենք արդեն «Օրանժի» եւ «ԱրմենՏելի» հետ կնքել ենք համագործակցության պայմանագրեր»,- ասաց Բ. Ենգիբարյանը։

четверг, 10 февраля 2011 г.

Microsoft-ի «Welcome»-ը Հայաստանում դառնալու է «Գամարջոբա»

Վրացական «Ալգորիթմ» ընկերությունը ծրագրում է համակարգիչներ արտահանել Հայաստան եւ Ադրբեջան:
«Համակարգչային գործարանը կառուցվում է Վրաստանի կրթության նախարարության եւ Intel ընկերության հովանավորությամբ: Intel-ը մտադիր չէ նման նախագիծ իրականացնել Հարավային Կովկասում, ուստի, այդ իմաստով, մենք մրցակիցներ չենք ունենա»,- հայտարարել է ընկերության ներկայացուցիչ Գիորգի Կորոխաշվիլին:
Արտադրողների կանխատեսումներով, նոր ուսումնական տարում առաջին դասարանցիները ապահովված կլինեն նեթբուքներով: Առաջին փուլում ծրագրվում թողարկել 60 հազար նեթբուքներ:

Հայտնի են դարձել 2010 թվականի ամենագեղեցիկ մեքենաները

Ավտոմոբիլային միջազգային 26-րդ փառատոնի արդյունքներով հեչբեկ Citroen DS4-ը դարձել է «2010 թվականի ամենագեղեցիկ մեքենան»։ Այս ավտոմեքենան հաղթել է նաեւ «Ամենագեղեցիկ ինտերյեր» անվանակարգում։
BMW 5-Series-ը զբաղցրել է երկրորդ, հիբրիդային հեչբեկ Honda CR-Z-ը՝ երրորդ, Renault Wind-ը՝ չորրորդ տեղը, հայտնում է Lenta.ru-ն։
Եվրոպայում DS4 մոդելի գինն սկսվում է 22,5 հազար եվրոյից։

среда, 9 февраля 2011 г.

Ռուսաստանում ապրում է Բարաք Օբամայի նմանակը

Սարատովի մարզում ապրում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նմանակը:
Զաուր Ահմեդովն աշխատում է մանկաբույժ եւ երազում է հանդիպել իսկական Բարաքի հետ: Բացի արտաքին տեսքից` Զաուր Ահմեդովը նաեւ ձախլիկ է` Օբամայի պես: Էնգելսկի Օբամայի փոքրիկ այցելուները արդեն սովորել են իրենց բժշկի արտաքինին եւ այդպես էլ անվանում են «Օբամա»: Երբեմն բժշկին խնդրում են ինքնագիր թողնել:
Ռուսական նմանակի մասին գիտեն նաեւ ԱՄՆ-ում, ամենաբարձր մակարդակով: Երբ ռուս «Օբաման» էլեկտրոնային նամակ է գրել ԱՄն պետքարտուղարությանը, պատասխան է ստացել առաջին տիկին Միշել Օբամայից: 

Հայաստանում գործող թեժ գիծը երեխաներին կպաշտպանի ինտերնետային վտանգներից

Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի թեժ գիծն սկսել է զանգեր ստանալ նաեւ ինտերնետային հարցագործությունների վերաբերյալ։ Այսուհետ թեժ գիծը կսկսի պաշտպանել երեխաներին նաեւ ինտերնետային հանցագործություններից։ Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։ Նրա խոսքով՝ թեժ գիծը, որի հեռախոսահամարն է 080061111-ը, կարելի է անվճար զանգահարել 24  ժամ, այն ապահովում է հանրապետական ծածկույթ:
«Սկզբում այս համարով զանգում էին երեխաները, ուսուցիչները կամ ծնողները եւ տեղեկացնում երեխայի կյանքի ինչ-որ դժվարին իրավիճակի մասին եւ համապատասխան մեր աշխատանքային խումբը արձագանքում էր դրանց, սակայն վերջին 1-2 տարում զանգեր ենք ստանում նաեւ ինտերնետի եւ բջջայինի միջոցով կատարված գործողությունների մասին»,-ասաց Մ. Անտոնյանը։ Նրա խոսքով՝ ներկայումս ինտերնետի կամ բջջայինի միջոցով երեխաները ստացվող զանգերը, ոչ ցանկալի հրավերները կամ առանց իրենց գիտության անպատշաճ բովանդակությամբ նամակներ ուղարկելու փաստերը դեռեւս առանձին բնույթ են կրում, եւ լայն տարածում չունեն, սակայն դրանք եւս կարող են տհաճ ավարտ ունենալ։
Մ. Անտոնյանի խոսքով՝  թեեւ նման դեպքերը դեռեւս շատ չեն, բայց ինտերնետը, ինչպես եւ բջջային հեռախոսը, կամաց-կամաց զանգվածային գործածություն են ունենում եւ շուտով խոսելու ենք այդ ամենի միջոցով կատարվող հանցագործությունների թվի տոկոսների մասին։
Նշենք, որ այս ծրագիրը հնարավոր կլինի իրականացնել «Մայքրոսոֆթ» եւ «Վորլդ Վիժն» ընկերությունների աջակցությամբ։

GOOGLE: Designs, Lessons and Advice from Building Large Distributed Systems

вторник, 8 февраля 2011 г.

Փետրվարի 8-ն անվտանգ ինտերնետի միջազգային օրն է

Փետրվարի 8-ը ողջ աշխարհում հայտարարված է անվտանգ ինտերնետի օր։ 
Հայաստանում Անվտանգ Ինտերնետի միջազգային օրվա շրջանակներում «Մայքրոսոֆթ» եւ «Վորլդ Վիժն» ընկերությունների ջանքերով  անցկացվեց 
«Երեխաների առցանց (online) անվտանգություն» միջոցառումը։ 
Այս տարի միջոցառման կարգախոսն է. «Սա խաղ չէ, սա իրական կյանքն է»։ Միջոցառման նպատակն է՝ դպրոցահասակ երեխաներին իրազեկել  տեղեկատվական տեխնոլոգիական զարգացումների եւ ինտերնետից անվտանգ օգտվելու կանոններին։
«Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրիգոր Բարսեղյանի տվյալներով՝ երիտասարդերի 75 տոկոսը, որոնք ակտիվ են սոցիալական ցանցերում, ենթարկվում են անծանոթների հետ կապ հաստատելու ռիսկին։ Նրանց 37 տոկոսն արձագանքում է անծանոթի հետ կապ հաստատելու առաջարկին, արդյունքում՝ երիտասարդների 10 տոկոսը լուրջ վտանգի է ենթարկվում, իսկ 11 տոկոսը իրական խնդիրներ է ունենում։
«Ինտերնետից օգտվողների թվի ավելացմանը զուգահեռ առավել քան կարեւոր է ինտերնետ անվտանգության հարցը»,-ասաց Գ. Բարսեղյանը։
«Վորլդ Վիժն» ընկերության կրթության հարցերով փորձագետ Հասմիկ Ղուկասյանի խոսքով՝ երեխաների եւ երիտասարդների առցանց անվտանգության ապահովման նպատակով իրենք սկսում են մի ծրագիր, որի շրջանակներում 1 տարվա ընթացքում հանրապետության տարբեր շրջանների 25 դպրոցներում աշակերտներին կուսուցանեն համացանցից, հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու կանոնները, նաեւ՝ թե ինչպես ավելի լավ կազմակերպեն իրենց ժամանցը տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով:
Հ. Ղուկասյանի խոսքով՝ արդեն մշակվել են սկավառակներ, որտեղ ներկայացված է ինտերակտիվ վերապատրաստման նյութ, ԵԽ կողմից երաշխավորված եւ հայերեն թարգմանված ծրագիր երեխաների համար՝ ինչպես անվտանգ օգտվել ինտերնետից: