воскресенье, 12 февраля 2012 г.

Ուիթնի Հյուսթոնի մահվան հավանական պատճառները

Ոստիկանությունը շարունակում է հետաքննել երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան հանգամանքները: Հիշեցնենք, որ հայտնի փոփ- երգչուհին մահացել է նախորդ գիշեր Լոս Անջելեսի հյուրանոցներից մեկում: Երգչուհին 48 տարեկան էր:

Հետաքննության տվյալներով` Հյուսթոնը կարող էր խեղդվել լոգարանում, քանի որ նրան հայտնաբերել էին այնտեղ` անգիտակից վիճակում: Ավելի վաղ ոստիկանությունը բացառել է երգչուհու բռնի մահվան տարբերակը, քանի որ մարմնի վրա չեն հայտնաբերվել բռնության հետքեր:

Հյուրանոցային համարում, որտեղ հայտնաբերվել է երգչուհին, տեղազննում է կատարվում: Ոստիկանների խոսքերով`հայտնաբերվել են հաբերի փաթեթավորումներ: Թմրանյութերի և ալկոհոլի օգտագործման հետքեր չկան:

Ինչպես գրում են ամերիկյան թաբլոիդները, վերջին տարիներին երգչուհին շատ էր հիվանդանում, բուժվում էր թմրանյութերից և ալկոհոլից կախվածությունից: Վատ զգացողության պատճառով երգչուհին բազմիցս հետաձգում էր համերգները:

Երգչուհու ընկերները և ծանոթները լրագրողներին հայտնել են, որ մահվանից մի քանի ժամ առաջ երգչուհին միանգամայն լավ վիճակում է եղել: Շաբաթ գիշերը նա մասնակցել է ընկերների երեկույթին` Beverly Hilton հյուրանոցում, որտեղ էլ նրան մահացած են գտել:

Նշենք, որ այսօր` փետրվարի 12-ին, Լոս Անջելեսում տեղի կունենա Գրեմմիի պարգևատրման հանդիսությունը, որը նվիրված կլինի Հյուսթոնի հիշատակին: Սպասվում է, որ շոուի ընթացքում կցուցադրվեն առավել հայտնի դրվագներ երգչուհու կյանքից, ինչպես նաև կադրեր «Թիկնապահը», «Քահանայի կինը» ֆիլմերից, որտեղ նա գլխավոր դերերում է հանդես եկել:

Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոնը ծնվել է 1963 թվականի օգոստոսի 9-ին Իստ-Օրանժ /ԱՄՆ/ քաղաքում: Մանկության տարիներին դերասանուհին երգել է եկեղեցու երգչախմբում, իսկ երիտասարդ տարիներին հայտնի է դարձել որպես ֆոտոմոդել:

Իր կարիերայի ընթացքում նա ձայնագրել է 7 ալբոմ, որոնցում ներառված են այնպիսի հայտնի ստեղծագործություններ, ինչպիսիք են "I"m Your Baby Tonight", "My Love Is Your Love", "Just Whitney": Արժանացել է 6 Գրեմմի մրցանակի, 15 մրցանակի` Billboard Music Awards-ում, և 21 մրցանակի` American Music Awards-ում, Emmy 2 մրցանակի և երաժշտական ինդուստրիայի այլ բազմաթիվ պարգևների: Բազմաթիվ պարգևների շնորհիվ` Հյուսթոնը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Комментариев нет:

Отправить комментарий