Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը հայաստանյան բոլոր երեք բջջային օպերատորներին կներկայացնի Բջջային նույնականացման քարտերի նախագիծը` դրանք համատեղ քննարկելու համար: Այս մասինNEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց գրասենյակի տնօրեն Արթուր Ղուլյանը: Նրա խոսքով` բջջային նույնականացման քարտեր ստեղծելու նախագծի մտահղացումը առաջացել է դեռեւս վեց ամիս առաջ, սակայն ներկայումս այն ավելի որոշակի է դարձել, քանի որ Հայաստանում սկսվել է նույնականացման քարտերի ներդրման գործընթացը:
Հիշեցնենք, որ նույնականացման քարտերը Հայաստանում կսկսեն տրամադրվել սեպտեմբերից, եւ կարժենան 1000 դրամ: Նույնականացման քարտը 16 տարին լրացած երիտասարդների համար պարտադիր է լինելու: Նույնականացման քարտը ներառելու է նաեւ էլեկտրոնային ստորագորությունը:
Բջջային նույնականացման քարտը մյուս քարտերի համեմատ որոշ առավելություններ ունի։ Ա. Ղուլյանի խոսքով` բջջային նույնականացման քարտ ունեցողը ինտերնետում հնարավորություն կունենա ցանկացած տեսակի էլեկտրոնային գործարք կատարել բջջային հեռախոսի միջոցով, առանց էլեկտրոնային ստորագրության համար նախատեսված համապատասխան ծրագրի կամ կարդացող սարքի:
«Նույնականացման քարտերը կիրառելու համար անհրաժեշտ է ընկերություններում ընթերցող սարքեր (քարտ ռիդերներ) տեղադրել, հետեւաբար դա ենթադրում է որոշակի ծախսեր: Իսկ բջջային նույնականացման քարտեր ունենալու պարագայում արդեն նման սարքերի կարիք չի լինի»,-ասաց Ա. Ղուլյանը: Նրա խոսքով` բջջային նույնականացման քարտերի միջոցով հնարավոր կլինի էլեկտրոնային միջավայրում ցանկացած գործարք իրականացնել:
Բջջային նույնականացման քարտից օգտվելու համար անհրաժեշտ կլինի պարզապես բջջային սիմ քարտը փոխարինել բջջային նույնականացման քարտով եւ այդպիսով ցանկացած մարդ կարող է նույնականացվել` տարբեր հնարավոր համակարգերում:
Ներկայումս Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակը լուրջ ուսումնասիրություններ է կատարում տարբեր երկրների բջջային նույնականացման քարտերի ներդրման գործընթացին եւ տեխնոլոգիաներին առավել լավ ծանոթանալու համար: Այդ երկրների թվում են` Ֆինլանդիան, Ֆրանսիան, Կորեան, Էստոնիան
Комментариев нет:
Отправить комментарий